Ամուլսարի հանքավայրի շահագործումը կարող է փոխել Ջերմուկի հանքային ջրերի հանքավայրի ողջ բնույթը: Այս կարծիքին է հիդրոերկրաբան, «Ինժեներ-երկրաբան» ընկերության նախագահ Ռուբեն Յադոյանը, գրում է «ԷկոԼուրը»:

«Հանքավայրի պայթեցումները կառաջացնեն ցնցումներ եւ յուրաքանչյուր ցնցում մի նոր ճաք կբացի եւ կփոխի ջրերի ուղղությունը: Կփոխվի հանքավայրի բնական սիստեմը: Եթե Ջերմուկի հանքային ջրերը շարքից հանեն, Ջերմուկը կվերանա»,- նշել է Ռուբեն Յադոյանը՝ հավելելով, որ բացի Ջերմուկից վտանգված է նաեւ Սեւանա լիճը:

«Արարատյան դաշտի հանցագործությունը կատարվեց, եւ հիմա էլ էս հանքով Սեւանի հերն են ուզում անիծել:  Ամուլսարի շահագործման ընթացքում Որոտանի թունելը կլցվեն նոր որակի ջրեր, որոնք էլ հետո լցվելու են Կեչուտի ջրամբար, իսկ այնուհետեւ Արփա-Սեւան թունելով Սեւանա լիճ: Կփոխվի Սեւանի ջրի կազմը... ո՞վ է հետեւելու՝ այդ ջրերի մեջ ինչ թունավոր մետաղներ են լցվելու»,- ասել է երկրաբանը:

«Թող կառավարությունը հավաքի իր փողերը եւ նախ եւ առաջ վերականգնի Արարատյան արտեզյան ավազանը, այլ ոչ թե միայն ձեւական քննարկումներ անեն եւ հույսը կրկին դնեն ժողովրդի վրա: Պետք է մտածել երկրի ապագայի, երկիրը պահելու մասին...հիմա միայն թալանով են զբաղված...այն, ինչ այսօր կատարվում է՝ հեչ է դարձնում մեր հերոսների պայքարը»,- եզրափակել է Ռուբեն Յադոյանը: