Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը վաղաժամկետ լուծարել է Վատիկանի ֆինանսական տեղեկատվության վարչության տնօրենների` հինգ իտալացիներից բաղկացած խորհրդի կազմը եւ նրանց փոխարեն չորս միջազգային փորձագետների նշանակել: Կաթոլիկ եկեղեցու ֆինանսական գործունեության համար պատասխանատու անձանց թվում առաջին անգամ կին է հայտնվել` իտալուհի Մարիա Բյանկա Ֆարինան, հաղորդում է AFP-ն:

Ֆարինան իտալական Poste Vita փոստային ծառայության պետական օպերատորի ապահովագրական բաժինն է ղեկավարում:

Բացի այդ, Financial Times-ի հաղորդմամբ, նորանշանակ տնօրենների շարքում է նաեւ ահաբեկչության դեմ պայքարի ամերիկացի մասնագետ Խուան Սարատեն, ով ժամանակին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հետ է աշխատել: Կառավարման մարմնի մյուս երկու անդամներն են բանկային թոփ մենեջեր Մարկ Օդենդալը եւ Սինգապուրի կենտրոնական բանկի նախկին կառավարիչ Ջոզեֆ Յուվարաջ Պիլլայը:

Տնօրենների խորհրդի` աշխատանքից հեռացված անդամների լիազորությունները 2016թ. պետք է ավարտվեին: Պաշտոնական հաղորդագրությամբ Վատիկանը շնորհակալություն է հայտնել նրանց` իրականացված աշխատանքի համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Պապի նախաձեռնությամբ իրականացված փոփոխությունները Վատիկանի ֆինանսական կազմակերպության` անցյալի հետ բոլոր կապերը խզելու եւ միջազգային ֆինանսական համակարգին ինտեգրվելու փորձ է նշանավորում: Financial Times-ի` տարբեր իրազեկ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, նախկին հինգ կառավարիչները սերտ կապեր են ունեցել անցյալ տարի հրաժարական ներկայացրած Բենեդիկտոս պապի եւ նրա ամենասերտ մերձավորների հետ: