«Բիլայնի» բջջային կապի բաժանորդները Հայաստանում անսահմանափակ ինտերնետ կստանան: Ինչպես հունիսի 6-ին «ԱրմենԹելի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն է լրագրողներին հայտնել, երկու նոր սակագնային պլանների` Regular-ի եւ Premium-ի շնորհիվ շարժական համացանքի օգտատերերը, անկախ օգտագործված մեգաբայթերի քանակից, ամսական որոշակի գումարի դիմաց անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորություն կունենան:

Անդրեյ Պյատախինը հիշեցրել է, որ ընկերությունն ավելի վաղ օրական անսահմանափակ ինտերնետի սակագնային պլան է առաջարկել: «Բայց տեսնում ենք, որ այսօր ինտերնետով ապահովվածությունն ամեն ինչ է նշանակում: Սոցցանցերում նկարներ ներբեռնելու, դրանք ընկերներին ուղարկելու, ֆիլմ քաշելու հնարավորության սահմանափակումը մեծ սթրես կարող է պատճառել: Մեկ օրն այլեւս քիչ է: Ուստի որոշեցինք ամսական պլան առաջարկել», - նշել է գլխավոր տնօրենը:

Regular սակագնային պլանը (ամսական 2000 դրամ) օգտատերերին 256 կբ/վ արագությամբ ինտերնետից օգտվելու հնարավորություն կընձեռի, իսկ Premium-ը (3500 դրամ)` մինչեւ 512 կբ/վ արագությամբ: 

Նոր սակագնային պլանին կարելի է ինչպես ընկերության գրասենյակներում, այնպես էլ տանը` sms-հաղորդագրությունների կամ USSD-հրահանգների օգնությամբ միանալ: Ծառայությունը 067470 եւ 067480 համարներին զանգի միջոցով կակտիվանա, USSD-հրահանգներն են` *110*70 # եւ *110*80#: Իսկ sms-հաղորդագրությունները պետք է 70 եւ 80 համարներին ուղարկել: