ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր՝ հունիսի 6-ին, տեղի է ունեցել «Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014»-ը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն նախաձեռնել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը,  որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Մրցանակաբաշխությունն ամենամյա է, անցկացվում է արդեն երրորդ անգամ եւ նպատակ  ունի թեմային անդրադարձող լրագրողներին եւ հեղինակներին խրախուսելու միջոցով  նպաստել թրաֆիքինգ երեւույթի  եւ դրա դեմ  պայքարի աշխատանքների մասին  հանրային իրազեկման բարձրացմանը:

«Կառավարությունը կարեւորում է թրաֆիքինգ երեւույթի դեմ պայքարը: Վերջին տարիներին այդ ուղղությամբ համակարգված աշխատանքներ են իրականացվում,  որոնց  ուղղություններից մեկն էլ  հանրային իրազեկումն է, ինչը շատ կարեւոր է երեւույթի կանխարգելման հարցում»,-նշել է խորհրդի քարտուղար, Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էին խորհրդի եւ  խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներ, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ լրագրողներ: Մրցանակները լրագրողներին հանձնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոն:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից, լավագույն լրագրողական աշխատանքներն ընտրում է մասնագիտական ժյուրին, որում ընդգրկված են թրաֆիքինգի հարցերով փորձագետներ եւ լրագրողներ:

Մասնագիտական ժյուրիի որոշմամբ`  այս տարի «Հեռուստատեսություն եւ ռադիո» անվանակարգում երկրորդ  տեղին է արժանացել  Հանրային հեռուստատեսության «Ազատ գոտի» հաղորդաշարի լրագրող Աննա Հայրապետյանը՝ «21-րդ դարի ստրկություն» հաղորդման համար, նույն անվանակարգում  երրորդ տեղին է արժանացել «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող  Գոհար Արամյանը՝ «Թրաֆիքինգ տերմին. Կյանքի փակուղի» ռեպորտաժի համար:

«Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում երրորդ տեղին է արժանացել «Հետք» պարբերականի լրագրող Երանուհի Սողոյանը՝ «Նելիիին գյուղից ցանկանում են վտարել» հրապարակման համար:

Մասնագիտական ժյուրին այս տարի երկու անվանակարգում էլ առաջին տեղեր չի շնորհել, «Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում  նաեւ  թափուր է մնացել երկրորդ մրցանակային տեղը: Մրցանակային տեղերի համար սահմանված է նաեւ դրամական պարգեւ՝  300, 200 եւ 100 հազար դրամ՝ համապատասխանաբար  առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար: