Հայաստանի բաժանորդները շատ են ներբեռնում, բայց ֆիլմերը գերադասում են առցանց չդիտել: Այս մասին հունիսի 6-ին լրագրողներին հայտնել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ըստ նրա՝ բաժանորդները դեռ չեն հարմարվել առցանց դիտմանը: «Քանի որ առցանց քոնթենթները հիմնականում վճարովի ռեսուրսներ են: Իսկ մեր բաժանորդները սիրում են ինչ-որ ծավալուն բան ներբեռնել եւ հետո հանգիստ նայել: Միանգամայն սովորական երեւույթ է: Սակայն դրան զուգահեռ, կարծում եմ, կարելի է սպասել նաեւ առցանց քոնթենթի զարգացմանը», - հավելել է Պյատախինը:
Հարցին, թե որքան են տարածված վճարովի ծառայությունները, «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը նշել է, որ այդպիսի հատուկ վիճակագրություն չկա: «Վճարում են բաժանորդներն արդյոք իրենց քոնթենթի համար, թե՝ ոչ, իրենց անձնական ինֆորմացիան է», - հավելել է Պյատախինը:
Նա ընդգծել է, որ ամենապահանջված ռեսուրսը սքայփն է: «Զարգանում է նաեւ Viber-ը, սակայն սքայփն այժմ ամենապահանջվածն է», - հավելել է Պյատախինը:
Այցելությունների քանակով առաջատար կայքերից են սոցցանցերը եւ որոնողական համակարգերը: «Կան նաեւ ձեզ հայտնի այլ ռեսուրսներ, որոնք ես չեմ նշի: Դրանք երրորդ տեղում են», - նշել է նա:
«ԱրմենՏելը» («Վիմպելկոմի» դուստր ձեռնարկությունը) Հայաստանի խոշորագույն բջջային օպերատորներից եւ հարկատուներից է:





























