Հունիսի 1-ին կայացել է Հայաստանի եւ Կանադայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Լոուրենս Քենոնի բանակցությունների երկրորդ փուլը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, նրանք մանրամասն քննարկել են հունիսին Կանադայում կայանալիք Մեծ ութնյակի եւ Քսան երկրների խմբի գագաթաժողովների օրակարգում ընդգրկված հարցերը: Է. Նալբանդյանը տեղեկացրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրություններում Կանադայի թեկնածությանը սատարելու Հայաստանի որոշման մասին:

ՀՀ ԱԳ նախարարը Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Կանադայի գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Գերի Գուդյերի հետ է եղել: Կարեւորվել է բնագավառի ներկայացացուցիչների փոխանակումների խրախուսումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Կանադայի գիտակրթական հաստատությունների միջեւ համագործակցություն հաստատելու վերաբերյալ:

Նույն օրը Է. Նալբանդյանն այցելել է Կանադայի խորհրդարան, ուր ներկա է գտնվել Ներկայացուցիչների պալատի նիստին: Նա հյուրընկալվել է նաեւ Քարլթոն համալսարանում, ուր հանդես է եկել ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հայ-կանադական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ՀՀ տարածաշրջանային քաղաքականությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ադրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին` Է. Նալբանդյանն ասել էց. «Ուժի օգտագործումը կամ դրա սպառնալիքը չպետք է օգտագործվեն որպես բանակցությունների խաղաթուղթ: Ադրբեջանի ղեկավարության կողմից սուր ճոճելը, ռազմատենչ հայտարարությունները, ազգային թշնամանք սերմանող հռետորաբանությունը ոչ միայն միջազգային իրավունքի խախտում են, այլեւ բացահայտ հակասում են իբրեւ ապագայում Լեռնային Ղարաբաղի բնակչության բարեկեցությունը ապահովելու մտադրության մասին Ադրբեջանի կեղծ խոստումներին: Ինչ աստիճանի ցինիզմ պետք է ունենալ` խոստանալ հոգալ մեկի մասին` միաժամանակ սպառնալով սպանել նրան, եթե չհնազանդվի: Հնարավոր չէ հիմնախնդիրը լուծել` առաջարկելով հակամարտության պատճառը`որպես կարգավորման մեխանիզմ:

Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը պատրանք ունի, թե Ադրբեջանի դրոշի ծածանումը Ստեփանակերտում կմարմնավորի հիմնախնդրի կարգավորումը: Իրականում` Ստալինի կողմից 1921թ. հենց այդ դրոշի բռնի պարտադրումը Արցախին հետագա հակամարտության պատճառ հանդիսացավ»:

Նախարար Նալբանդյանը պատասխանել է նաեւ ներկա դիվանագետների, փորձագետների ու ուսանողների բազմաթիվ հարցերին:Ավարտելով այցելությունը` Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվել է Երեւան: