Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստան մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելության ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից, թեեւ նախատեսված էր, որ Սերժ Սարգսյանն այցելության ընթացքում կհետեւի նաեւ Դոնի Ռոստովում ՌԴ նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին, սակայն Դմիտրի Մեդվեդեւի հետ երկկողմ հանդիպման պատճառով նա չի կարողացել այցելել ձիարշավարան: Արմեն Արզումանյանը հայտնել է, որ ծրագրի փոփոխության պատճառով նախագահ Սերժ Սարգսյանը չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը:
Նախագահի մամլո խոսնակի փոխանցմամբ, նմանատիպ միջոցառումները հարթակ են դառնում երկրների ղեկավարների ոչ պաշտոնական շփումների համար, սակայն, «Ռուսաստանի նախագահի առաջարկով ոչ պաշտոնական շփումները փոխարինվեցին պաշտոնական հանդիպմամբ, որը տեւեց շուրջ մեկ ժամ»:


























