2016-ին ցեմենտի ներկա ծավալներով արտադրությունը չի բավարարի Հյուսիս-Հարավ մայրուղուն: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում հայտարարել է Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Նշենք, որ Հայաստանում ցեմենտի երկու գործարաններից հիմա աշխատում է միայն «Արարատ ցեմենտը», իսկ «Միկա ցեմենտը» պարապուրդի մեջ է՝ ֆինանսական դժվարությունների պատճառով:

Այդուհանդերձ, ըստ Առաքելյանի, կառուցվող բետոնե ավտոմայրուղին շատ ցեմենտ է կլանում եւ «եթե ձեռնարկատերերը սմետա կազմեն, նրանք կաշխատեցնեն գործարանը եւ դրանից միայն կշահեն»:

Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանում արտադրվում է տարեկան 430-440 հազար տոննա ցեմենտ: 2014-ին ցեմենտը դեռ բավարար է, նշում են Տրանսպորտի նախարարությունում:

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ընդհանուր արժեքը պետք է կազմի 967 մլն դոլար, որից 500 մլն-ը կտրամադրի Ասիական զարգացման բանկը: Դրամական միջոցների հատկացումը կավարտվի 2017-ին: Մայրուղին Իրանից կհասնի Վրաստան: Ասֆալտը կփոխարինվի բետոնով, իսկ մայրուղու լայնությունը կընդլայնվի: