Ռուսաստանի խոշորագույն որոնման համակարգերը պատրաստ են հրաժարվել նորություններից, եթե իրենց հավասարեցնեն լրատվամիջոցներին, գրում է rbc-ն: Որոնման համակարգերի բիզնեսը դրանից էապես չի տուժի, իսկ ահա լրատվական կայքերի հաճախելիությունը զգալի կնվազի:
Երեքշաբթի՝ հունիսի 10-ին, խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ համացանցի կարգավորումը կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մայիսին ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ անարդար է համարում «Յանդեքս. Նովոստին» լրատվամիջոց չհամարելը: Նա նշել էր, որ փորձագիտական մակարդակով քննարկվում է դա օրենսդրորեն ամրագրելու հարցը:
Համացանցային ընկերություններն այս տեսակետին համամիտ չեն: ««Յանդեքս. Նովոստին» (news.yandex.ru) չունի սեփական խմբագրություն եւ մոդերատորներ, սեփական նյութեր չի գրում, չունի խմբագրային քաղաքականություն եւ սեփական տեսակետ: Բոլոր նորությունները գործընկերներն են տեղադրում»,- բացատրել է ընկերության մամլո քարտուղար Ասյա Մելքումովան: Mail.ru-ի թոփ նորությունները, ըստ նախկին աշխատակցի, ամբողջությամբ ավտոմատ չէ, «ձեռքով է արվում»: Google-ի գլխավոր էջում նորությունները բացակայում են, իսկ նորությունների բաժնում (news.google.ru) ավտոմատ են հայտնվում: Նույնը Rambler-ի պարագայում է:
Վերոհիշյալ ընկերություններից մեկը հայտարարել է, որ չեն պատրաստվում խմբագրություն պահել, որը կզտի օրական ստացվող տասնյակ հազարավոր հաղորդագրությունները: Անհրաժեշտության դեպքում որպես լրատվամիջոց գրանցվելու պատրաստակամություն է հայտնել միայն ռուսական նոր «Սպուտնիկ» որոնման համակարգը, որը վերահսկում է «Ռոստելեկոմը»:
Ըստ օրենքի՝ լրատվամիջոցների լիցենզիան կարող է հետ կանչվել, եթե 12 ամսվա ընթացքում խմբագրությունը «Ռոսկոմնադզոր»-ից երկու նախազգուշացում ստանա օրինակ ցենզուրայից դուրս արտահայտությունների կամ ազգային խտրականության կոչերի համար, ինչն, օրինակ «Յանդեքսի» համար աղատալի կլինի:





























