«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը շարունակում է իրականացնել վարպետության դասեր եւ համերգներ Հայաստանի մարզային երաժշտական դպրոցներում: Վանաձորի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների համերգը՝ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ Արմինե Գրիգորյանի-դաշնամուր, Կարեն Շահգալդյանի-ջութակ, Կարեն Քոչարյանի-թավջութակ մասնակցությամբ։

Այս դպրոցի հետ համագործակցությունը շարունակվում է 2010թ–ից Հիմնադրամի ստեղծման պահից ի վեր, երբ եռյակի երաժիշտներն արդեն իսկ վարպետության դասերով եւ համերգներով այցելում էին դպրոց։  Հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ դպրոցում բացվել եւ գործում է թավջութակի դասարան, իսկ այս տարի նրանց հանձնվել է թավջութակ՝  վերականգնված Հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամի կողմից կրթաթոշակի արժանացած դաշնակահար Ալիսա Գասպարյանը կանոնավոր կերպով այցելում է հայտնի պրոֆեսոր Սերգեյ Սարաջեւի դասերին Երեւանում։   

«ԱրմենՏել» ընկերության սոցիալական ծրագրերի հիմնական նպատակն է դարձնել կյանքն ավելի լավ։ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունն այս կարգախոսի իրականացման վառ օրինակներից մեկն է։ Մեր աջակցության շնորհիվ երաժշտական դպրոցների սաները ձեռք են բերում փորձ եւ գիտելիքներ, ստանում նոր գործիքներ, իսկ ամենատաղանդաշատ երեխաները՝ կրթաթոշակներ։ Ուրախ ենք, որ մեր օգնությամբ կօգնենք այս երեխաներին իրականացնել իրենց երազանքը եւ դառնալ ճանաչված երաժիշտներ», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ա. Խաչատրյանի անվան եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանը նշեց. «Եռյակի հետ այցերից բացի, ես կանոնավոր կերպով փորձում եմ անձամբ այցելել եւ ստուգել թավջութակի դասարանի պարապունքները, խորհուրդներ տալ ուսուցիչներին, այն նպատակով, որպեսզի այս դասարանը իսկապես զարգանա։ Մենք շատ շնորհակալ ենք «ԱրմենՏել»  ընկերությանն երկարատեւ աջակցության եւ համագործակցության համար, ինչը հնարավորություն է ընձեռում մեզ կազմել ապագա պլաններ եւ լավատեսորեն նաել դեպի ապագա»։

Համերգի ավարտին Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին Հիմնադրամի ծրագրերին երկարատեւ աջակցության համար հանձնեցին Շնորհակալագիր։

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ–ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական եւ բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: «ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։