Ողջ աշխարհի հայերը հաճախ են դիմում պլաստիկ վիրաբույժներին՝ քթի ուղղման-ձեւափոխման նպատակով։ Ընդ որում, իրենց քիթը ձեւափոխել ցանկացողների 75 տոկոսը կանայք են, իսկ 25 տոկոսը՝ տղամարդիկ։ Սակայն, ինչպես մամուլի ասուլիսում նշեց Ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը, պլաստիկ վիրաբուժության ծառայություններից օգտվող տղամարդկանց թիվը գնալով աճում է։ Հայ տղամարդիկ ամենաշատը դիմում են քթի պլաստիկ վիրահատության, երկրորդ տեղում՝ լիպոսակցիայի հետ կապված վիրահատություններ են։ Սակայն վերջին ժամանակներս հայ տղամարդիկ սկսել են հաճախ դիմել դեմքի կարգավորման, ավելի ստույգ՝ կնճիռների հարթեցմանը՝ բոտեքսի ներարկումների միջոցով։ Նմանատիպ վիրահատական միջամտություններն իրենց թվաքանակով երկրորդ տեղում են։

Ինչ վերաբերում է հայ կանանց, ապա նրանք եւս ավելի հաճախ դիմում են քթի պլաստիկ վիրահատության, ինչպես նաեւ կրծքերի ձգման մեթոդին։

Ի դեպ, պլաստիկ վիրաբույժները հայտարարում են, որ կրծքի ձգումը կամ սիլիկոնե ներդիրների միջոցով կրծքերի կարգավորումը բացարձակապես անվտանգ մեթոդներ են եւ քաղցկեղային հիվանդությունների պատճառ չեն դառնում։ «Ժամանակակից գիտությունը հստակ տվել է այդ հարցի պատասխանը՝ որակյալ սիլիկոնե իմպլանտանտերը բացառապես անվտանգ են, եւ դրանց տեղադրման նպատակով կատարվող վիրահատությունները բարդություններ չեն առաջացնում՝ շնորհիվ ժամանակակից վիրաբուժության մեթոդների»,- հավաստիացրեց բժիշկ Հովհաննիսյանը։ 

Վիրահատության դիմող այցելուների մեծ մասը միջին տարիքի են՝ 30-40 տարեկան։    

Ի դեպ, պարզվում է, որ Հայաստանում նման վիրահատություններ կատարվում են բավական մատչելի գներով։ Օրինակ, կրծքի կարգավորումը սիլիկոնային իմպլանտանտների օգնությամբ, արժե 320 հազար դրամ՝ գումարած իմպլանտանտների համար վճարվող 1000 եվրոն։ Քթի կարգավորումը տատանվում է 200-ից մինչեւ 360 հազար դրամի սահմաններում։

Արեւմտյան երկրներում նմանատիպ վիրահատությունները մի քանի անգամ թանկ արժեն եւ որակի առումով չեն տարբերվում Հայաստանում մատուցվող ծառայություններից։ Ինչպես նշեց բժիշկ Հովհաննիսյանը, վերջին շրջանում պլաստիկ վիրահատության դիմողների թվի աճը պայմանավորված է մարդկանց սոցիալական վիճակի բարելավմամբ։ Ի դեպ, Հայաստանում իրականացվում է նաեւ մազերի իմպլանտացիա։

Բժիշկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ծառայություններից օգտվողների մեջ եղել են նաեւ շատ քաղաքական գործիչներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նա նաեւ հավելեց, որ Հայաստանում առայժմ սեռափոխության վիրահատություն չի իրականացվում. ցանկացողներ չկան։

Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր պլաստիկ վիրաբույժները վիրահատական  խախտումների, նույնիսկ ամենաչնչին դեֆեկտների դեպքում, բարոյական պատասխանատվություն են կրում, ինչը համարժեք է իրավական պատասխանատվությանը։ Բժիշկն ընդգծել է նաեւ, որ սովորաբար վիրաբույժներն իրենք են ուղղում իրենց սխալները՝ այցելուներից չպահանջելով լրացուցիչ գումարներ։ Նա նաեւ նշեց, որ հաջող վիրահատություններ անցկացնելու համար պետք է այցելուին որակյալ եւ մանրակրկիտ հետազոտության ենթարկել։