Վոլգոգրադում գյուղատնտեսը քիչ է մնացել սպանի դպրոցահասակ աղջկան, որը փորձել էր գողանալ շան թասը: Հարկ է նշել, որ ավելի վաղ նույն աղջիկն ու նրա ընկերուհին առեւանգել էին տղամարդու շանը: Արդյունքում 14-ամյա աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել, իսկ տղամարդը քրեական գործի ֆիգուրանտ է դարձել:
Ալեքսեեւի շրջանի 42-ամյա բնակիչը վերցրել է հրացանը, երբ իր տարածքում երկու աշակերտուհու է տեսել: Հունիսի 4-ին աղջիկները տղամարդուց գողացել էին ազնվացեղ շանը: Շունը հրաժարվել էր կերակրից եւ չէր կերել չորս օր: Աշակերտուհիները որոշել էին, որ շանը հնարավոր կլինի կերակրել միայն իր թասից: Հունիսի 8-ին նրանք վերադարձել էին շան նախկին բնակավայրը, փոխանցում է Vesti.ru-ն:
Տերը, լսելով բակի աղմուկը, դնից դուրս է եկել հրացանով: Շան բնի մոտ երկու աշակերտուհու տեսնելով՝ նա սկսել է օդ կրակել: Իսկ երբ աղջիկները փախել են, տղամարդը նշան բռնելով՝ կրակել է նրանցից մեկին: Առաջին փամփուշտը դիպչել է աղջկա արմունկին, երկրորդը՝ ողնաշարին:
Արնահոսող աղջկան տղամարդը մազերից քաշելով՝ տան մոտ է բերել, որտեղ սկսել է հարցաքննել գողության հանգամանքների մասին: Սակայն աշակերտուհին սկսել է կորցնել գիտակցությունը, եւ տղամարդը կնոջը խնդրել է շտապօգնություն եւ ոստիկանություն կանչել: Տղամարդուն ձերբակալել են. նրան կասկածում են մահափորձի մեջ: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 105-րդ հոդվածի 1-ին մասով:
Տուժած աղջկան տեղափոխել են հիվանդանոց եւ վիրահատել: Նա Վոլգոգրադի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, որտեղ աղջկան հերթական վիրահատությանն են պատրաստում:




























