«Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի մասնավորեցման հարցը պետք է Հայաստանի դատախազության կողմից քննության ենթարկվի: Տեսակետը հունիսի 10-ին խորհրդարանում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն է հնչեցրել: Նրա համոզմամբ, հիշյալ գործարքը կոռուպցիայի ակնհայտ տարրեր է պարունակում:

Արամ Մանուկյանը համոզված է, որ 180 մլն ԱՄՆ դոլարի չափով գինը, որի դիմաց 2013թ. նոյեմբեր ամսին ամերիկյան Contour Global ընկերությանը «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ն է խոստացվել, շուրջ 10 անգամ նվազեցված է: Բացի այդ, կասկադի ջրամբարը հանրապետության ռազմավարական օբյեկտների շարքին է դասվում եւ, համաձայն ջրի ազգային քաղաքականության, չի կարող մասնավորեցվել: Եւ վերջապես, գործարքը խորհրդարանի քննարկմանը չի ներկայացվել:

Որոտանի կասկադ ՀԷԿ-ը 3 ենթակայաններից է բաղկացած` Սպանդարյանի (հզորությունը` 76 ՄՎտ), Շամբի (171 ՄՎտ) եւ Տաթեւի (157.2 ՄՎտ): Փակ բաժնետիրական ընկերության 100 %-անոց սեփականատերը, մինչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից  ձեռնարկությունը 180 մլն ԱՄՆ դոլարի դիմաց ամերիկյան Contour Global ընկերությանը վաճառելու մասին նոյեմբերի 27-ի որոշման կայացումը, Հայաստանի կառավարությունն էր հանդիսանում: