Թուրքիայի Էդիռնե քաղաքում հունիսի 10-ին ռուս, վրացի եւ ադրբեջանցի «օրենքով գողերի» միջեւ զինված բախման ժամանակ սպանվել է բախմանը միջամտած թուրք ոստիկան Հուսեյն Իմրաղը։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ հունիսի 10-ին, Էդիռնե քաղաքի թաղամասերից մեկում շքեղ մեքենաներով ժամանած 2 խմբավորման միջեւ զինված բախում է տեղի ունենում, որին միջամտել է այդ հատվածով պատահական անցնող մի ոստիկան եւ սպանվել՝ սրտին ստացած կրակոցից։
Դեպքի վայր մեկնած ոստիկաններին հաջողվել է ձերբակալել 15 կասկածյալի, ովքեր հանդիսանում են Ռուսաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ։ Հայտնի է դարձել, որ թուրք ոստիկանին սպանել է ադրբեջանցի մի «օրենքով գող» ով կարողացել է փախչել դեպքի վայրից։
Էդիռնեի նահանգապետը նշել է, թե բախումը տեղի է ունեցել նախկինում երկու խմբավորումների միջեւ չպարզված հարաբերությունների հետեւանքով, սակայն հստակ պատճառները դեռ հայտնի չեն։
Նահանգապետի խոսքով՝ բռնագրավվել են նաեւ կասկածյալներին պատկանող 6 շքեղ մեքենաները, որոնց խուզարկության ժամանակ հայտնաբերվել են անօրինական պահվող բազմաթիվ ատրճանակներ։





























