Հայկական կողմը պատրաստ է պատասխան տալ հրադադարի ռեժիմի խախտման համար, եթե մեր մեղավորությունն ապացուցվի: Հայտարարությունը հունիսի 11-ին խորհրդարանում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է հնչեցրել:
Նախարարը նշել է, որ սահմաններին տիրող իրադրությունը շարունակում է լարված մնալ: «Դա մեզ համար նորություն չէ, ինչպես եւ նորություն չեն հակառակորդի կողմից հրադադարի խախտման պարբերական բնույթ կրող դեպքերը: Մեր հասարակությունը պետք է ըմբռնի եւ հաշտվի իրադրության հետ, քանի որ վերջնական խաղաղություն դեռեւս չի հաստատվել, եւ մենք պարտավոր ենք նախազգուշական գործողություններով հակառակորդի եռանդի թուլացմանն ուղղված քայլեր ձեռնարկել», - հայտարարել է Սեյրան Օհանյանը:
Նախարարի համոզմամբ, ադրբեջանական կողմի գործողությունները կանխամտածված եւ նպատակաուղղված բնույթ են կրում. նրանց նպատակը հայկական զորքերի ուժեղ եւ թույլ կողմերի վերհանումն է:
Սեյրան Օհանյանը համոզված է, որ հարցի լուծման համար վստահության մթնոլորտ է հարկավոր, հետեւապես` պետք է հրաժարվել դիպուկահար կրակից: Հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի, իսկ դիվերսիոն-հետախուզական գործողությունները` բացառվեն:
Նախարարը նշել է, որ հիշյալ հարցերը թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի, եւ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ քննարկման են դրվել:
«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք հրադարարի ռեժիմի խախտման դեպքերի ուսումնասիրության հարցում ցանկացած աջակցություն ցուցաբերել: Եվ պատասխան կտանք, եթե պարզվի, որ մեղավորը մենք ենք», - հայտարարել է ռազմական գերատեսչության ղեկավարը` հավելելով, որ խնդիրը ֆինանսական եւ նյութատեխնիկական ռեսուրսների մեջ է: Մասնավորապես` համապատասխան մասնագետներին վճարել է պետք:





























