Մեքսիկայի հյուսիս-արեւմտյան նահանգները հինգ բալանի ուժգնության սանդղակով վտանգավորության երկրորդ մակարդակի հասած «Քրիստինա» փոթորկին են սպասում: Երկրի իշխանությունների հաղորդմամբ, տեղատարափ անձրեւները Հալիսկո, Կոլիմա, Միչոական եւ Հերերո նահանգների մերձխաղաղօվկիանոսյան շրջաններում ուժեղ ջրհեղեղներ կարող են առաջ բերել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ներկայումս փոթորկի էպիկենտրոնը Միչոական նահանգի Պունտա-Սան-Տելմո քաղաքից հարավ-արեւմուտք` 355 կմ հեռավորության վրա է գտնվում: Ուղեկից քամիները ժամում 155 կմ արագություն ունեն, պոռթկումները մինչեւ 195 կմ/ժ են հասնում:
Ազգային մետեորոլոգիական համակարգի կանխատեսումներով, առաջիկայում երկրի հյուսիս-արեւմտյան նահանգների մեծ մասում տեղատարափ անձրեւներ են սկսվելու: Խաղաղ օվկիանոսի ափամերձ հատվածներում հսկայական չափերի ալիքներ կառաջանան, ինչի առթիվ էլ նավերի կապիտաններին անվտանգության հավելյալ միջոցներ ձեռնարկելու խորհուրդ է տրվել:





























