Եկամտային հարկի գծով արտոնություն լինել չի կարող, քանի որ դա խախտում է քաղաքացիների հավասարության իրավունքը, որը  քաղաքացու հիմնարար իրավունքն է, իսկ հիմնարար իրավունքին պետք է հարմարեցվի Սահմանադրությունը, ոչ թե հիմնարար իրավունքը հարմարեցվի Սահմանադրությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ նիստին ասաց ՀԱԿ խմբակցության  պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտի սկսնակ ձեռնարկություններին հարկային արտոնություններ տրամադրելու կառավարության նախաձեռնությանը։

Բագրատյանի խոսքով՝ շահութահարկի արտոնությունը նույնպես անթույլատրելի է. լավագույն դեպքում արտոնություն սահմանում են միայն ներդրումների դեպքում:

«Եթե արտոնություն եք տալիս, տվեք բոլորին եւ գնացեք, ասեք, որ սա հին կառավարության ֆրագմենտալ, ոչ համակարգային մոտեցումն է, որը 6 տարի կործանում էր երկիրը»,-ասաց պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ արտոնություն սահմանելու դեպքում պետք է բոլորին տալ, բայց աշխարհում այժմ այդ պրակտիկան չի կիրառվում։

Պատգամավորը նաեւ նշեց, որ եկամտահարկն ու շահութահարկը հավասարեցնելը ստվերի դեմ պայքարի լավագույն միջոցն է:

«Ես ոչ թե դժգոհ եմ, այլ հիասթափված եմ: Սա ֆրագմենտալ մտածողություն է: Արտոնությունը եթե սահմանեինք բոլորի համար, խնդիր չէր լինի»,- ասաց Հրանտ Բագրատյանը: