Նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀԿ-ական ներկայացուցիչներ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվածները մեկ առ մեկ մոտեցան Տարոն Մարգարյանին, իրենց ցավակցությունը հայտնեցին, իսկ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը պատարագ մատուցեց:

«Անդրանիկ Մարգարյանը հանրապետական կուսակցության նախագահն էր, բայց մերան էր, բոլոր կուսակցությունների հետ լեզու էր գտնում: Չկար մի հարց, որ Անդրանիկ Մարգարյանը քննարկեր կուսակցություններից որեւիցե մեկի հետ եւ այդ հարցը լուծում չստանար: Նա լավ մարդ էր, սա արդեն ամբողջովին բնութագրում է վարչապետին, հարեւան, կուսակից ընկերոջը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի խորհրդական, նախկին թաղապետ Դավիթ Օհանյանը:

Անդրանիկ Մարգարյանի հիշատակը հարգելու էին եկել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն ամբողջ ընթացքում ժպտում էր, ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը, Էդուարդ Շարմազանովը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Այստեղ էր նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հավաքվածները ծաղկեպսակներ դրեցին քաղաքական գործչի շիրիմին:

Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ հունիսի 12-ին, Երեւանում: 1995թ ընտրվել է պատգամավոր, իսկ 2000-2007թթ եղել ՀՀ վարչապետ: 2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից: