Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 12-ին ընդունել է Բուդեսթագի անդամ դոկտոր Կարլ Լամերսին եւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական երկկողմ համագործակցությանն ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր: Գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան պահպանելու համար` նշելով նաեւ ՆԱՏՕ-ի տեսանկյունից Հայաստանի նման գործընկերոջ կարեւորությունը` մասնավորապես կայունության եւ խաղաղության պահպանման գործողությունների շրջանակներում:

Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն են եւ ուժի տեսանկյունից ցանկացած պարտադրանք դատապարտված է ձախողման:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն  ներկայացնող այլ հարցեր: