Ուրբաթ 13-ը, այն էլ լիալուսնի օրը, բնորոշմամբ պետք է կրկնակի անգամ մեծ փորձանքի օր լինի: Սակայն, միգուցե, ինչպես մաթեմատիկայում են ասում, երկու «մինուսը» «պլյուսի» է բերում:
Ժողովրդական հավատալիքների համաձայն, ուրբաթ 13-ին աշխարհի վհուկները, կախարդներն ու բոլոր այլ անմաքուր արարածներն իրար գլխի են հավաքվում: Աստղագետների վկայությամբ, այսօր նաեւ արեւի եւ լուսնի էներգետիկան է զգացվելու: Իսկ դա նշանակում է` սովորականից շատ վթարներ եւ քրեածին իրադրություն կարող է գրանցվել:
Բացի այդ, արեւի վրա տեղի ունեցած բռնկման արդյունքում մագնիսական փոթորիկ կարող է սկսվել:
Ուրբաթ օրվա եւ ամսի 13-ի համադրությունը երկար դարերի պատմություն ունի: Ասում են` այդ օրը, վհուկների եւ կախարդների հավաքին, նույնիսկ սատանան է հայտնվում: Քրիստոնեական մշակույթի համաձայն, ուրբաթ 13-ին Ադամն ու Եվան արգելված պտուղն են կերել, իսկ ավելի ուշ` Կայենը դաժանաբար սպանել Աբելին: Ուրբաթ 13 է եղել նաեւ Քրիստոսի խաչելության օրը: Նրան դավաճանած առաքյալը` Հուդան, թվով 13-րդն էր համարվում:
Պատմական փաստ է, որ 1307թ. ապրիլի 13-ին, ուրբաթ օրը, ձերբակալվել եւ, որպես հերետիկոսներ, սուրբ ինկվիզիցիայի հրդեհին են հանձնվել ժամանակի ամենահարուստ եւ ազդեցիկ կազմակերպություններից մեկի` Տամպլիերների օրդենի մեծ թվով անդամներ: Այդ օրվանից ի վեր ուրբաթ 13-ի շուրջ լարվածությունը էլ ավելի է սրվել եւ սնահավատ մանրամասներով, առեղծվածներով ու գաղտնիքներով մթագնվել:





























