Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշել է, որ Նուբարաշենում հունիսի 1-ի գիշերը տեղի ունեցած դանակահարության գործը քննելու է ոստիկանության Էրեբունու բաժնի քննչական մարմինը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, որը պաշտպանում է սույն գործով մեղադրյալ Սեդրակ Օսիպյանի շահերը:
«Գործը նորից հետ է եկել Էրեբունու քննչական, այլ նորություն այս պահին չկա»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը դեռ գտնվում է հետախուզման մեջ:
Նշենք, որ Սեդրակ Օսիպյանը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է: Սեդրակին կալանավորելու որոշում դատարանը կայացրել էր դեռ հունիսի 3-ին: Վերջինս գտնվում է հետախուզման մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս սակայն մեզ հետ զրույցում նշել էր, որ իր ազգականը ոչ մի կապ չունի դանակահարության հետ:




























