Խորհրդարանական ընտրությունների 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցումը սիրողական պատգամավորների մուտքն արգելելու փորձ է: Հայտարարությունը հունիսի 13-ին` խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն է հնչեցրել: Նրա խոսքով, մեծամասնական համակարգով ընտրված ներկայիս պատգամավորների 90 տոկոսը պարզապես պատգամավոր չեն:
Հարցին, թե այդ նույն մարդիկ չեն կարող արդյոք համամասնական ցուցակներով անցնել, պատգամավորը նշել է, որ ցուցակների ասոցացման մակարդակը կուսակցությունների հետ առավել բարձր է: Ոչ մի կուսակցություն չի ցանկանա իր թեւի տակ տականքների եւ անգրագետների առնել: «Դա նաեւ մեզ է վերաբերում` եթե որոշենք դեբիլների բերել խորհրդարան, ստիպված պատասխան ենք տալու դրա համար», - հավելել է խորհրդարանականը:
Հիշեցնենք` 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցումը օրերս ոչ իշխանական ուժերի խորհրդարանական քառյակի կողմից իշխանություններին ներկայացված 12 պահանջներից մեկն է: Ներկայումս խորհրդարանի պատգամավորների երրորդ մասից ավելին (131-ից 41-ը) մեծամասնական համակարգով են ընտրվում:





























