Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական առաջին նիստից առաջ Երեւանի Կոնտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում հունիսի 12-ին ոստիկաններին օդամղիչ ատրճանակից կրակած ու նրանցից հինգին վիրավորած Հայկ Կյուրեղյանը կրակ է բացել միայն տղամարդ ոստիկանների ուղղությամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին ձերբակալվածն ասել է ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբին:

«Առանձնազրույցի ընթացքում եւ համապատասխան գրանցամատյանը ուսումնասիրելու ընթացքում արձանագրվել է, որ Հ. Կյուրեղյանը ունի բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց վերաբերյալ Հ. Կյուրեղյանը հրաժարվեց որեւէ հայտարարություն անել, նշելով, որ ավելի ուշ կանդրադառնա դրանց:

Դիտորդական խմբի անդամների այն հարցին, թե  ձերբակալվելուց պաշտպան ներգրավվել է գործին,  նա պատասխանեց որ, մեջբերում ենք նրա խոսքը  «Չգիտեմ թե ինչ ձեւով պետք է պաշտպան ունենամ եւ ինչ ձեւով պետք է օգտվեմ պաշտապն ունենալու իրավունքից»:  Դիտոդրակական խումբը մանրամասն ներկայացրեց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները եւ ընթացակարգը: Միաժամանակ Հ. Կյուրեղյանը ցանկացավ Դիտորդական խմբի միջոցով հասարակությանը իրազեկել, իր քայլի նպատակը: Մեջբերում ենք նրա խոսքը  «Ես իմ բողոքը տվյալ ձեւով ներկայացրել եմ, նրա համար,  որովհետեւ կարծում եմ, որ Շանթ Հարությունյանի գործը ընդհանրապես պետք է դատաքննության փուլին չհասներ եւ Շ. Հարությունյանը պետք է ազատ արձակվեր եւ միաժամանակ բողոքում են անարդար եւ կոռուպացված դատական համակարգի դեմ»:  Հ. Կյուրեղյանը միաժամանակ նշեց «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ատրճանակով կրակելիս ամբողջությամբ գտնվել եմ գիտակից վիճակում եւ կրակ եմ արձակել միայն 4-5 տղամարդ ոստիկանների ուղղությամբ եւ ես ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ կրակ չեմ արձակել, որը ոստիկանության բաժնում փորձում են փաթաթել իմ վզին: Ես արժանապատիվ անձնավորություն եմ եւ իմ կյանքում ընդհանրապես կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել ու չեմ բարձրացնի, դա ներկայիս ոստիկանության աշխատելու եւ անձին նվաստացնելու մեխնիզմն է»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, ու հայտարարել. «Այստեղ ռումբ է տեղադրված, մեկը չկա՞, որի ինձ գա բռնի»:

Ոստիկանները մոտեցել են նրան, փորձել իջեցնել մեքենայից, սակայն երիտասարդը հանել է զենքը ու սկսեց կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին հաջողվել է նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am