ՀՀ Վերաքննիչ դատարանը այսօր` հունիսի 13-ին, «Հարսնաքարի» գործով դատական նիստին մերժեց տուժող կողմի միջնորդությունը՝ քրեական գործը վերաքննության կարգով քննելու վերաբերյալ:
NEWS.am-ի հետ զրույցում Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ վերաքննության կարգով քննելու դեպքում քրեական գործի քննությունը կբխեր առավելապես դատապարտվածների շահերից, որովհետև դատարանն ավելի հեշտությամբ ներքին համոզմունք կձևավորեր վկաների և տուժողների ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ և ավելի հստակ կկարողանար բացահայտել գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները ։
«Մենք մեծ ցանկություն ունեինք, որպեսզի գործի քննությունը վերաքննության կարգով ընթանա։ Իհարկե, այս դեպքում կարող է հարց առաջանալ՝ ինչու մենք առաջինը միջնորդություն չներկայացրեցինք, ուղղակի մենք ուզում ենք, որպեսզի այս պրոցեսը հնարավորինս շուտ վերջանա, հակառակ դեպքում, այն կարող է տևել ևս մեկ տարի»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով՝ Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը, գնահատելով վկաների, տուժողների ցուցմունքները, միակողմանիորեն է գնահատել դրանք՝ հիմնավոր համարելով միայն տուժողների ցուցմունքները, չնայած պաշտպանական կողմը բազմաթիվ հակասություններ է մատնանշել տուժողների ցուցմունքների միջեւ։
«Վերաքննության կարգով գործի քննությունը տուժողներին որևէ բանով չի կարող օգնել, որովհետև իրենք արդեն իրենց ասելիքն ասել են, եթե որևէ բանին հետամուտ լինելու անհրաժեշտություն լիներ, նրանք կարող էին գալ այստեղ և կոնկրետ փաստարկված ձևով դա ներկայացնել »,- NEWS.am-ին ասաց Երեմ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ տուժող կողմը Վերաքննիչի նիստերին մինչեւ հիմա չի ներկայացել։
Պաշտպանի խոսքով, իրենք կցանկանային, որպեսզի Վերաքննիչ դատարանն անձամբ լսի քրեական գործով վկաներին , հստակ պատկերացում կազմի, թե ով է ճիշտ ասում, ով սուտ, առանց արձանագրությունները կարդալու կամ ձայնագրությունները լսելու, և վերջում կայացնի արդար վճիռ։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 23-ին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձում են բեկանել Վերաքննիչ դատարանում։





























