Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը մեկնարկեց հունիսի 2-ի երեկոյան, Սիրահարների զբոսայգում: Այս անգամ մրցույթն ուներ ռազմական բնույթ, եւ ստեղծվել էին ական փնտրող ռոբոտներ: Մրցույթի մասնակից 8 թիմերի նախագծած եւ պատրաստած ռոբոտների խնդիրը ականապատված դաշտում հողի տակ պահված ականներ փնտրելն ու սերվերին ականների դասավորության քարտեզը ուղարկելն էր:

«Այս մրցույթի նպատակը Հայաստանում ռոբոտաշինությունը վերականգնելն է, եւ որպեսզի Հայաստանը մտնի ռոբոտաշինությամբ զբաղվող առաջնային երկրների շարքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մրցույթի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` ավելացնելով, որ դրա համար նախ հարկավոր է երիտասարդների հետաքրքրվածությունը, ինչն էլ խթանում են նման մրցույթները:

Վարդանյանի խոսքով` ի տարբերություն նախորդ մրցույթների, այս մրցույթը իրենից ավելի լուրջ տեխնոլոգիական բարդություն է ներկայացնում, ինչն էլ ավելի է մեծ աշխուժություն է առաջացրել երիտասարդների շրջանում:

Ռոբոտին անվանել ենք Հումանիստ, քանի որ այն ականը գտնելով՝ մարդուն հեռու է պահում վտանգից, հետեւաբար մարդասեր է: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց մրցույթի մասնակից «Ընդերք» թիմի անդամ Հարություն Աղլամազյանը` ավելացնելով, որ թիմի 5 անդամները ռոբոտին նախագծելու եւ պատրաստելու համար աշխատել են շուրջ երեք ամիս:

«Ական փնտրող ռոբոտ» մրցույթին  մասնակցեց ութ թիմ: Հաղթողներին սպասվում է դրամական մրցանակ: Առաջին տեղի մրցանակը կազմում է 300 հազ. դրամ, երկրորդը` 200 հազ., իսկ երրորդը` 100 հազ. դրամ: Մրցանակները կհանձնվեն «Դիջիթեք» բիզնես համաժողովի ժամանակ՝ հունիսի 9-ին:

Հիշեցնենք, որ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթը նախապես ծրագրվում էր անցկացնել Շուշիում՝ մայիսի 9-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվեց եւ պետք է անցկացվեր մայիսի 28-ին Երեւանում, բայց մրցույթը կրկին հետաձգվեց` այս անգամ արդեն անձրեւի պատճառով:

Տեղեկացնենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Հայաստանի Ռոբոտների բաց առաջնությունը` ArmRobotics-ը, սկսել է կազմակերպել 2008 թվականից: