Բրիտանացի դեռահասներն օգնության համար դիմում են «Childline» վստահության ծառայությանը, քանի որ հարազատները ստիպում են նրանց վաղ տարիքում ամուսնանալ, եւ նրանց թիվը տարեց տարի ավելանում է: Տվյալները ներկայացնում է Երեխաների հետ դաժան վերաբերմունքի մասին զգուշացման ազգային միությունը(NSPCC), հաղորդում է BBC-ն:
Այսպես, 2011թ.-ին թեժ գծին է դիմել 55 դեռահաս, 2013թ.-ին նրանց թիվը հասել է 141-ի:
Այս խնդրով «Childline» զանգահարած դեռահասների մեկ քառորդը 12-15 տարեկան հասակի է: NSPCC-ի տվյալներով՝ նրանցից ոմանք դեպրեսիայի վիճակում էին, ահաբեկված, երբեմն պատրաստ էին ինքնասպան լինել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
NSPCC-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ դժվար է որոշել երեխաների թիվը, ովքեր կարող են հարկադիր ամուսնության զոհ լինել: Սակայն, նրա խոսքով, թեժ գիծ դիմողների թվի աճը վկայում է, որ դեռահասները սկսել են ավելի գիտակացաբար վերաբերվել իրենց ապագային՝ մասնավորապես կյանքի ուղեկցի հարցում:
Միայն անցյալ տարում Մեծ Բրիտանիայում 1302 երեխայի օգնել են ազատվել հարկադիր ամուսնությունից: Հունիսի 16-ից երեխաների հարկադիր ամուսնությունն Անգլիայի եւ Ուելսի տարածքում քրեական հանցագործություն կհամարվի:




























