«Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գեւորգյանին եւ նրա եղբորը՝ Սարգիս Գեւորգյանին ազատ են արձակել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ հանրապետությունից չբացակայելու մասին։ Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը եւ հավելեց, որ Անի Գեւորգյանն ու Սարգիս Գեւորգյանը, ովքեր քույր ու եղբայր են, քիչ առաջ ազատ են արձակվել Հատուկ քննչական ծառայության շենքից: Անի Գեւորգյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնության, Սարգիս Գեւորգյանը՝ խուլիգանության մեջ:

Նրանց հետ նույն օրը ձերբակալված մեկ այլ ակտիվիստի՝ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվելու է կալանքը:

Երիտասարդները ձերբակալվել են հունիսի 1-ին խուլիգանության կասկածանքով: Նրանք մոտ երկու տասնյակ մարդկանց հետ միասին տեղափոխվել էին ոստիկանության բաժանմունք` Ազատության հրապարակի եւ Սարյանի արձանի մերձակայքից: Սարգիս Գեւորգյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանի եղբայրն է:

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները մայիսի 28-ից բողոքի գործողություններ են անցկացնում Ազատության հրապարակում՝ պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ բացել «Ա1+»-ը: