Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունիսի 3-ին բացասական եզրակացություն է տվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Անահիտ Բախշյանի, Լարիսա Ալավերդյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին։
Քաղաքական կոալիցիայի անունից ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանը հայտարարել է, թե այս պահին նպատակահարմար չեն համարում ոչ միայն օրինագծի ընդունումը, այլեւ դրա ներառումը մեծ օրակարգում:
Նախագծին կողմ են քվեարկել երկու հոգի՝ «Ժառանգություն»-ից Ստյոպա Սաֆարյանը եւ ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը, դեմ՝ հինգ հոգի՝ ՀՀԿ-ից Վազգեն Կարախանյանը, Համլետ Հարությունյանը, Շիրակ Թորոսյանը, ԲՀԿ-ից Էռնեստ Սողոմոնյանն ու անկախ պատգամավոր Լեւոն Խաչատրյանը։ Հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը ձեռնպահ է քվեարկել։
Հունիսի 4-ին «Ժառանգություն» խմբակցությունն իր հերթական նիստում քննարկելու է օրինագծի քննարկումն արտահերթ ճանաչելու հարցը:
Որոշում ընդունվելու դեպքում` այն կներկայացվի ԱԺ նախագահին՝ աշնանային նստաշրջանի քառօրյա նիստերից մեկի ընթացքում արտահերթ ընթացակարգով քննարկման դնելու համար:


























