Մոնոէթնիկ երկրում երկրորդ պետական լեզու ներդնելու հիմքեր չկան, հունիսի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Հայաստանում բնակչության 97%-ը հայ է, չկան այլ լեզվի կրող ազգային խոշոր խմբեր, այստեղ դրա համար ոչ մի պատճառ չկա», - հավելել է նա:
Իր հերթին նրա ՀՀԿ-ական գործընկեր Լեւոն Մարտիրոսյանը հիշեցրել է, որ 1978 թ. խորհրդային գրեթե բոլոր հանրապետությունների Սահմանադրություններում ռուսերենը պետական լեզուներից մեկն էր հռչակված, սակայն ոչ Վրաստանի եւ Հայաստանի ԽՍՀ-ում: «Եթե դա չէր արվել բրեժնեւյան տոտալիտարիզմի պիկի ժամանակաշրջանում, հազիվ թե այժմ արվի», - հավելել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, մի քանի օր առաջ ԱԺ-ում հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը հանդիմանական տոնով հայտարարել էր Հայաստանում ռուսերենի դերի նվազման անթույլատրելիության մասին: Դրանից, հավելել էր նա, կախված է Հայաստանի ազգային անվտանգությունը: Ի պատասխան հայ պատգամավորները ընդամենը արդարացել էին, թե ռուսաց լեզուն չի մոռացվել:
ԿԳ նախարարը եւ ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ հայտարարել էին, որ ռուսաց լեզվին պետական լեզվի կարգավիճակ տալու հիմքեր չկան, բայց այն շարունակում է պետության հոգածության տակ գտնվել:




























