Ուկրաինայի հանրապետության քաղաքացի, 26-ամյա Գաննա Ս.-ն մեղադրվում է «Երեւան Մոլլից» գողություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 2-ին երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում: Գաննան «Երեւան Մոլլ» առեւտրի կենտրոնի սրահներից մեկից վերցրել է մի քանի հագուստ եւ մտել հանդերձարան: Փորձելու ընթացքում Գաննան ձեռքով հեռացրել է դրանցից երեքի անվտանգության սարքերը, դրանք թաքցրել հանդերձարանի հայելու հետնամասում, ապա հագուստները դնելով պայուսակի մեջ՝ փորձել է գողանալ ընդհանուր 18 հազար ՀՀ դրամ արժողությամբ հագուստ: Սակայն վերջինս խանութից դուրս գալիս բռնվել է աշխատակիցների կողմից:
Գաննա Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:





























