Ոստիկանությունը պարզել է հունիսի 6-ի երեկոյան Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի տան մոտ տեղի ունեցած վիճաբանության եը հնչած կրակոցների հեղինակների ինքնությունը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ պարզվել է, որ նշված հանցագործությանը մասնակցել են նաեւ 1988 թ. ծնված Հովհաննես Կ.-ն, 1987 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն, 1974 թ. ծնված Սեդրակ Փ.-ն եւ 1993 թ. ծնված Գոռ Հ.-ն: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` Հովհաննես Կ.-ն, Սեդրակ Փ.-ն եւ Ռաֆայել Մ.-ն ներկայացել են բաժին եւ տվել խոստովանական ցուցմունքներ:

Սեդրակ Փ.-ն ձերբակալվել է:

Բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 16-ին Գոռ Հ.-ն եւս ներկայացել է բաժին: ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով Գոռ Հ.-ն ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ավելի վաղ այս գործով ձերբակալվել էր Տարոն Մարգարյանի խորհրդականի որդին՝ Սամվել Քոթանջյանը, որին հունիսի 16-ին սակայն պատգամավորների երաշխավորությամբ ազատ էին արձակել:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Սամվել Քոթանջյանը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ եւ 1 գնդակ: Հունիսի 10-ի երեկոյան օդ կրակած Սամվել Քոթանջյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: