Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր`  հունիսի 17-ին,  ընդունել է  ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի  Գլենդել քաղաքի քաղաքապետ՝ Զարեհ Սինանյանին: Հանդիպման մեկնարկին, որին մասնակցում էր նաեւ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը,  Սամվել Բալասանյանը ողջունեց բարձրաստիճան հյուրին Գյումրի կատարած իր այցի համար եւ հույս հայտնեց, որ այն կխթանի Գյումրու եւ Գլենդելի միջեւ  հարաբերությունների  խորացմանը: 

Պատասխան խոսքում Գլենդելի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ առավել եւս հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձամբ շատ է կարեւորում Գյումրի քաղաքի դերն ու նշանակությունը Հայաստանի կյանքում: Ըստ Զարեհ Սինանյանի, Գյումրիի եւ Գլենդելի միջեւ համագործակցության սերտացումը իրատեսական է:

Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը Գյումրին եւ Գլենդելը քույր քաղաքներ հռչակելու մասին փաթեթ ներկայացրեց իր գործընկերոջը՝ ուսումնասիրության եւ առաջարկներ ներկայացնելու համար: Այնուհետեւ Զարեհ Սինանյանը պատասխանեց լրագրողների հարցերին: