Ներկայում նոր Մերձավոր Արեւելք եւ նոր Հյուսիսային Աֆրիկա է ձեւավորվում: Այս մասին հունիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով, «արաբական գարուն»-ից սկսած, Մերձավոր Արեւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան անցել են մի փուլի, որը կարելի է բնորոշել որպես փոփոխությունների եւ քաոսի ժամանակաշրջան, եւ մինչեւ վերջին օրը դրա վերջը չէր երեւում:

«Բայց արդեն մի քանի օր է՝ Մերձավոր Արեւելքում նոր աշխարհաքաղաքական փուլ ենք թեւակոխում. կարծես քաոսի միջից տեսնում ենք երեւույթներ, որոնք հետագայում կարող են նոր Մերձավոր Արեւելքի հիմքը դառնալ: Իհարկե, առաջին հերթին խոսքն Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների, «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման լայնածավալ հարձակումների մասին է: Ըստ էության, արդեն նրանց վերահսկողության տակ է գտնվում Իրաքի տարածքի 1/5-րդը»,- Նշեց Սաֆրաստյանը:

Նրա կարծիքով, երկրորդը Սիրիայում կայացած նախագահական ընտրություններն են, երբ նախագահ Բաշար Ասադն ապացուցեց, որ իրականում ընդունելի նախագահ է սիրիական ժողովրդի մեծամասնության համար: «Այդ վկայում է, որ սիրիական պետությունը բավական ուժեղ է եւ կարող է դիմակայել նույնիսկ ճգնաժամից հետո: Երրորդ գործոնը Լիբիայի իրադարձություններն են, երբ զինվորականների լայնատարած ապստամբական շարժում սկսվեց՝ ուղղված իսլամական ծայրահեղական ուժերի դեմ: Եվ չորրորդ. Եգիպտոսի նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթանակ տարավ Աբդուլ Ֆաթթահ Աս-Սիսին»,- ընդգծեց թուրքագետը:

Ռուբեն Սաֆրաստյանի կանխատեսմամբ, Իրաքը բաժանվելու է նվազագույնը երեք մասի: «Արդեն դժվար է կանխատեսել, որ կենտրոնական իշխանություններին կհաջողվի պահպանել Իրաքի տարածքային ամբողջականությունը: Լիբիայում նույնպես տարածքային ճեղքվածք կառաջացա. կստեղծվեն 2-3 պետական միավորներ: Եգիպտոսում զինվորականներին, նրանց շուրջ համախմբված աշխարհիկ ուժերին եւ ղպտիներին հաջողվեց հերթական անգամ ճնշել «Մուսուլման եղբայրներ» շարժման ծայրահեղական ուժերին»,- ամփոփեց Ռուբեն Սաֆրաստյանը: