Պնդումը, թե Ռուսաստանի չարիք է, ցանկանում է գրավել սա ու նա, իսկ ԱՄՆ-ը Եվրոպայի դաշնակիցն է, որը խաղաղ քաղաքականություն է վարում, անհեթեթություն է, եթե դիտարկենք, թե ինչ արեց ԱՄՆ-ն Աֆղանստանում եւ Իրաքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեհաստանի Վրոցլավսկի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ասպիրանտ Յակուբ Բենեդուչակը:
Անդրադառնալով Լեհաստանի դիրքորոշմանը ՆԱՏՕ-ից անջատ ԵՄ զինվախ ուժերի ստեղծման վերաբերյալ՝ նա ընդգծել է. «Այո, կա նման անհրաժեշտություն, սակայն Եվրոպական միությունն արդեն մի քանի տարի փորձում է իրականացնել դա, սակայն արդյունքը չի երեւում: Գիտեմ, որ ԵՄ ներսում տարբեր դիրքորոշումներ կան, օրինակ, Ֆրանսիան համատեղ զինվախ ուժեր չի ցանկանում. նրանք նշում են, որ սեփական ռազմական արտադրություն ունի, իրենք կարող են իրենց պաշտպանել: Մեծ Բրիտանիան նույպես պատրաստ չէ համագործակցության այս հարցում: Սա ԵՄ մեծ թուլությունն է, փորձ է կատարվում փոխել այն, բայց, ցավոք, անարդյունք, տխուր է, քանի որ ԵՄ-ն պարզապես վատնում է արտաքին քաղաքականության գործիքները»:
Այն նկատառման վերաբերյալ, թե առանձին եվրոպական զինված ուժերի ստեղծումն արդյոք Վաշինգթոնի դժգոհությունը չի հարուցի, Յակուբ Բենեդուչակը պատասխանել է դրական: «Սակայն Եվրոպայում ոչ ոք ուղղակի չի նշի այդ մասին՝ ելնելով քաղաքական կոռեկտությունից: Ըստ իս կան մարդիկ, հատկապես քաղաքական գործիչներ ու նախարարությունների պաշտոնյաներ, ովքեր գիտեն այս մասին, սակայն հրապարակայնորեն ոչ ոք չի նշում այդ մասին, նույնիսկ եթե ճշմարիտ է»,- ընդգծել է փորձագետը:





























