Բաքվում սկսվել է ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոուդ» սեմինարի շրջանակներում քննարկումների երրորդ օրը, որը նվիրված է Հարավային կովկասին: Թեեւ քննարկումները տեղի են ունենում տարբեր թեմաներով, բայց ադրբեջանցի պատվիրակները ամեն ինչ տանում են նրան, որ Հայաստանը «թշնամի երկիր է»: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
«Հիմա ադրբեջանցիները Հայաստանն անվանում են «թշնամի երկիր» անգամ Աֆղանստանի մասին քննարկման ժամանակ: Հնացած հռետորության ցավալի օգտագործում»,-գրել է Կիրակոսյանը:
Նա նաեւ նշել է, որ հայ պատվիրակները ստիպված են եղել հերքել ադրբեջանական կողմի անհեթեթ մեղադրանքները՝ Ղարաբաղում թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ:
Կիրակոսյանը իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել, որն արվել է Բաքվում:
Հիշեցնենք, որ Բաքվում հունիսի 16-18-ին տեղի է ունենում ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոուդ» սեմինարը: Հայաստանից սեմինարին մասնակցում են ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:






























