Բաքվում, այսօր՝ հունիսի 18-ին, տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հաղորդում է APA գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության էլ ավելի խորացման ճանապարհները: Նա հավելել է, որ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը. «Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է: Ստատուս-քվոն անընդունելի է: Մենք քննարկել ենք մեռյալ կետից խնդիրը տեղաշարժելու եղանակները»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Ադրբեջանցի նախարարը նշել է, որ Սերգեյ Լավրովը հայտնել է ուկրաինական հարցի վերաբերյալ Ռուսաստանի տեսակետը: