Խորհրդարանի նախագահը կոպտորեն խախտել է ԱԺ կանոնակարգը եւ քվեարկություն չանցկացրեց: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա ուշադրություն է դարձրել, որ օրվա սկզբին ՀՀԿ-ն չի կարողացել կազմակերպել իր համար անհրաժեշտ քվեարկությունը եւ ԱԺ դահլիճում ապահովել պատգամավորների կեսի ներկայությունը: Տեսնելով դա, ՀՀԿ-ն 20 րոպեանոց ընդմիջում է հայտարարել, բայց ընդմիջումից հետո եւս չի կազմակերպել քվեարկությունը, իսկ ԱԺ կանոնակարգով պարտավոր էր դա անել:
«Դուք կոպտորեն խախտել եք կանոնակարգը»,-հայտարարել է Զուրաբյանը:
Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է ուշադրություն դարձնել, թե ինչ օրինագիծ է խափանում ոչ իշխանական քառյակը: «Դա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար արտոնությունների մասին օրինագիծն է, իսկ դուք չեք ուզում, որ այդպիսի կարեւոր օրինագիծն ընդունվի»,-հավելել է նա:





























