Այրիների եւ կնոջը կորցրած տղամարդկանց ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաք Երեւանում՝ համապատասխանաբար 36,9% եւ 38,6%: Այդ մասին հունիսի 18-ի մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով՝ եթե այրիների ու կնոջը կորցրած տղամարդկանց մասնաբաժինը դիտարկենք երկրի վարչատարածքային բաժանման կտրվածքով, ապա պետք է ասել, որ գյուղերում, քաղաքների համեմատությամբ գերակշռում են կնոջը կորցրած տղամարդիկ: «Քանի որ քաղաքային բնակչության շրջանում կնոջը կորցրած տղամարդկանց բաժինը կազմում է 16,4%, իսկ գյուղական բնակչության շրջանում՝ 17,2%: Այսինքն, գյուղական վայրերում կնոջը կորցրած տղամարդիկ 0,8 տոկոսային կետով բարձր են», - նշեց Կարինե Կույումջյանը: Նա նշել է, որ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Վայոց Ձորի մարզում, որտեղ եւ այրիների, եւ կնոջը կորցրած տղամարդկանց բաժինը կազմում է 1,6%: Տավուշի եւ Սյունքի մարզերում նրանց տեսակարար կշիռը եւս ցածր է՝ մոտ 5%՝ այրիների եւ կնոջը կորցրած տղամարդկանց շրջանում համապատասխանաբար՝ 4,8% եւ 4,5%: