ՀՀ Ազգային ժողովի նիստն այսօր՝ հունիսի 18-ին, նախատեսվածից 20 րոպե շուտ է դադարեցվել: Նման որոշում է կայացրել խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Պատճառը նիստին Ֆինանսների նախարարության ներկայացուցչի բացակայությունն էր։ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պետք է ներկայացներ «Հասարակական սեկտորի կազմակերպությունների հաշվապահական հաշվետվության մասին» օրինագիծը։
Միրումյանին շուրջ հինգ րոպե սպասեցին լիակատար լռության մեջ: Դրանից հետո Շարմազանովը չդիմացավ եւ դիմեց դահլիճում նստած կառավարության ներկայացուցիչներին: «Չգիտեմ, թե ինչ պատճառով ձեր գործընկերը չի ներկայանում խորհրդարանի նիստին, որին պետք է ելույթ ունենար: Բայց մենք այստեղ աշխատում ենք եւ պարտավոր չենք ժամանակ կորցնել ու սպասել մինչեւ անվերջություն: Ես փակում եմ նիստը: Կհանդիպենք վաղը, ժամը 11-ին»,- հայտարարեց Շարմազանովը:
Նշենք, որ որպես այլընտրանք նա չառաջարկեց անցնել հերթականությամբ հաջորդ օրինագծին: Այդպես պատգամավորները ստացան 20 րոպե ցանկալի հանգիստը: Սակայն հանգիստն ամենեւին էլ բոլորին հարկավոր չէր, քանի որ նիստը փակելու ընթացքում դահլիճում շուրջ 20 պատգամավոր էր մնացել:





























