Մալայզիայի Սելանգոր նահանգի արեւմտյան ափին նավաբեկության հետեւանքով զոհվել է ինը մարդ, փրկվել 61 ուղեւոր, այդ թվում` հնգամյա մի աղջնակ  եւ 12 կին,  փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Star-ը:

Ներկայումս անհետ կորածների ցուցակում շարունակում է մնալ երկու տասնյակից ավելի մարդ, սակայն նրանց ճշգրիտ քանակը դժվար է  որոշել, քանի որ տուժածներից ոմանք կարողացել են ինքնուրույն ափ հասնել:

«Հաշվի առնելով նավի չափերը` այն ծանրաբեռնված է եղել. այնտեղ չպետք է 40-ից ավելի մարդ լիներ», — հայտարարել է Սելանգորի ոստիկանապետ Աբդուլ Սամահ Մատը: Ըստ ոստիկանի` «նավը 6,1 մ երկարություն, կես մետրից քիչ ավելի լայնություն է ունեցել եւ ընդհանրապես նախատեսված չի եղել ուղեւորափոխադրումների համար»:

Նավի վրա եղել են 97 ապօրինի միգրանտներ` հարեւան Ինդոնեզիայից, այն խորտակվել է հունիսի 18-ի կեսգիշերին` Բանտինգ քաղաքից 3 կմ հեռավորության վրա: Աղետի պատճառը  նավ ջուր ներթափանցելն  է եղել: