Հայաստանի Ազգային ժողովում արդեն գրանցվել է 65 պատգամավոր, եթե եւս 1-2 պատգամավոր գրանցվեն, ապա նիստը կարող է շարունակվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում լրգարողներին հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ տեղի ունեցածում ոչ մի խնդիրահարույց բան չկա, առավել եւս, որ որոշ պատգամավորներ տեղյակ չեն եղել, որ խորհրդարանի աշխատանքը սովորականից մեկ ժամ շուտ պետք է սկսվեր:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի պատգամավորներին, որոնք ներկա էին նիստերի դահլիճում, բայց չեն գրանցվել, Շարմազանովի խոսքով՝ ընդդիմությունը միշտ մեղադրել է խորհրդարանի մեծամասնությանը քաղաքական բոյկոտ իրականացնելու եւ կանոնակարգը խախտելու մեջ, սակայն հիմա ինքն է դա անում: «Թող հիմա կողնորոշվեն, ճի՞շտ էր չգրանցվելը, իսկ մենք 10-15 րոպեից կսկսենք նիստը»:

Հիշեցնենք, որ քվորումի բացակայության պատճառով երեքժամյա ընդմիջման ռեժիմ է գործարկվել, որի ընթացքում ուշացած պատգամավորները կարո են գրանցվել, այսպիսով ապահովելով քվորում:

 Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am