Հայաստանի ԱԺ-ն, վերջապես, կարողացել է շարունակել իր արտահերթ նիստը այն բանից հետո, երբ գրանցվել է 66 պատգամավոր, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունը փորձել է տապալել արտահերթ նիստի սովորոական ընթացքը: «Ուշացած պատգամավորներին ուզում եմ հայտնել, որ եթե արտահերթ նիստը շարունակվի այս հունով, այն կշարունակվի նաեւ ուրբաթ եւ շաբաթ, եւ չի բացառվում, որ շարունակվի նաեւ երկուշաբթի ու երեքշաբթի»,-սպառնացել է Գալուստ Սահակյանը:
Սակայն մի քանի րոպե անց ԱԺ նախագահը ստիպված էր կրկին ընդհատել զեկուցողին, որպեսզի դիտողություն անի ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչներին, որոնք գտնվելով նիստերի դահլիճում, ոչ միայն չեն գրանցվել, այլեւ իրենց նիստն են անցկացրել: «Ձեր նիստերն անցկացրեք նիստերի դահլիճից դուրս»,-ասել է Սահակյանը:
Նշենք, որ չգրանցված պատգամավորները չեն կարող հարցեր ուղղել զեկուցողին եւ մասնակցել քվեարկությանը:





























