ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը, միեւնույն է,այցելելու է Թուրքիա, որքան էլ այսօր հայտարարի, թե փակ սահմանների առկայության դեպքում չի գնա:
NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, Արամ Սարգսյանը նշեց, որ որոշակի տեղաշարժեր, բնականաբար, եղել են: «Այդ տեղաշարժերից ով ավելի շատ օգտվեց, Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան: Եթե խնդիրը այդ տեքստով է դրվում, իհարկե, Թուրքիան ավելի շատ օգտվեց, եւ ես ամբողջությամբ կիսում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետը, որ Հայաստանի իշխանությանը, մասնավորապես Սերժ Սարգսյանին, երեխայի նման խաբեցին: Եւ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններն էլ դրա հիմնավորումն են, որ „խոստացել էիք Ղարաբաղի հարցով, հայ-թուրքական խնդիրներով որոշակի զիջումներից հետո սահմանը բացել: Խաբեցիք, չբացեցիք, դրա համար էլ ես Թուրքիա չեմ գա, քանի չեք բացել սահմանները“,- մանրամասնեց Արամ Սարգսյանը՝ միաժամանակ նշելով, որ փակ սահմանների պարագայում անգամ Սերժ Սարգսյանը գնալու է Թուրքիա. „Դա ուղղակի հասարակությանը իրավիճակը որպես այդպիսին ցուցադրելու համար էր: Ժամանակը կգա, կտեսնենք“:
Արամ Սարգսյանը որպես առաջընթաց նշեց Գյուլի այցը Հայաստան, որպիսին երբեւիցէ տեղի չէր ունեցել: „Հանրապետություն“ կուսակցությունը միշտ կողմնակից է հարեւանի հետ, հարեւանի պես արժանապատիվ հարաբերություններ ունենալուն: Եւ մենք դրա կողմնակիցն ենք, բայց ոչ ցեղասպանությունը դրժելու, ոչ պատմական իրողությունը մերժելու, ոչ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու ճանապարհով»,- ամփոփեց Արամ Սարգսյանը:



















