PKK-ն (Քրդական աշխատավորական կուսակցություն) չկարողացավ խափանել Իրաքի Քուրրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսուդ Բարզանիի այցը Անկարա:
Թուրքական Bugun պարբերականին հասած տվյալներով` PKK-ն անհանգստացած է եղել Բարզանիի Թուրքիա կատարելիք այցով: Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից Բարզանիին Թուրքիա հրավիրելուց հետո PKK-ն չեղյալ հայտարարեց զինադարարը եւ ակտիվացրեց ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ:
Մեսուդ Բարզանին հունիսի 3-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի ղեկավարության հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի սերտացնել Թուրքիայի եւ Իրաքի Քուրդիստանի միջեւ տնտեսական հարաբերությունները: Բարզանին նաեւ դեմ է արտահայտվել PKK-ի խնդիրը ուժային եղանակով լուծելուն:
Նշենք, որ մինչ Բարզանիին Անկարա հրավիրելը, Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը հայտարարել էր, որ մայիսի 31-ից հետո դուրս է գալիս քրդական հարցի լուծման նախաձեռնությունից, քանի որ չգտավ խնդրով հետաքրքրված համապատասխան կողմին: Այնուհետ PKK-ն տարածել էր հայտարարություն, որ Թուրքիան չի ապահովում քուրդ բնակչության իրավունքները, իրականացնում է քրդերի նկատմամբ մշակութային եւ ֆիզիկական ցեղասպանություն, ինչին ի պատասխան իրենք չեղյալ են հայտարարում իրենց կողմից միակողմանի հայտարարած զինադարարը:

























