Հնագետները Նյու Յորքի Մանհեթենի շրջանի Բաուերի փողոցում պեղումների ընթացքումապակե կանաչ փոքրիկ տարա են գտել, որը, ինչպես մակագրությունն է փաստում, «երիտասարդության էլիքսիր» է պարունակում։

Գտածոն հայտնաբերվել է XIX դարավերջի գարեջրային բակի պեղումների արդյունքում, այլ տարաների կողքին։ Հնագետների պարզաբանմամբ, այդ դարավերջին տարածված հիվանդությունների համար բժիշկներն ու քիմիկոսները մի շարք խառնուրդներ են մշակել։ Նրանք այդ խառնուրդներին զվարճալի անուններ են տվել եւ հանձնել դեղատներ։

«Մենք ցանկանում էինք իմանալ, թե ինչպիսին էր այդ դեղամիջոցի համը»,- պատմում է Ալիսա Լորիան՝ Chrysalis Archaeology ընկերության ղեկավարը, որը վերահսկողություն է սահմանում քաղաքի պեղումների վրա: Այս մասին գրում է «Наука и жизнь»-ը։

Հետազոտողները դիմել են իրենց գերմանացի գործընկերներին: Վերջինները «էլիքսիրի» բաղադրատոմսը գտել են XIX դարի բժշկական ուղեցույցում: Պարզվել է, որ դեղամիջոցը պատրաստելու համար տարբեր բույսեր են օգտագործվել. հալվե, խավարծիլ, սպիտակ քրքում, շաֆրան: Դրանք թրմել են ջրով բացված հացահատիկային սպիրտի մեջ (օղու կամ ջինի):

Ալիսա Լորիայի խոսքով, նման թուրմերը բավական տարածված էին XIX դարում եւ միշտ հասանելի էին բարերում: «Մենք չգիտենք, թե ինչն էր առանձնապես մարդկանց ստիպում ավելի լավ զգալ. ալկոհո՞լը, թե՞ խոտերը»,- նշում է նա:

«Երիտասարդության էլիքսիրը» կամ «անմահության էլիքսիրն» ըմպելիք է, որը հաճախ է հանդիպում առասպելաբանության եւ ֆանտաստիկ ստեղծագործությունների մեջ: Համարվում է, որ նման թուրմն ունակ է մարդուն հավերժ կյանք կամ հավերժ երիտասարդություն շնորհել: