Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն եւ օրենսդիր ժողովի ներկայացուցիչները օրինագիծ են մշակել, որը նախատեսում է բժշկական նպատակներով մարիխուանայի օրինականացումը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

«Մարիխուանան որպես բժշկական միջոց, կարող է օգնել շատ մարդկանց», — հայտարարել է Կուոմոն։
«Միեւնույն ժամանակ սա բարդ հարց է, քանի որ որոշակի վտանգներ կան՝ կապված հասարակական առողջապահության եւ պետանվտանգության հետ, որոնք պետք է կանխարգելվեն։ Կարծում ենք, որ օրինագծում  պահպանվել է ճիշտ հավասարակշռություն», — հավելել է նահանգապետը։

Օրինագիծը  բժիշկներին թույլ կտա մարիխուանա նշանակել Նյու Յորքի՝ մի շարք հիվանդություններից տառապող բնակիչներին, որոնց շարքում են ընկնավորությունը, ՁԻԱՀ-ը եւ  հիշողության կորուստը։
Տվյալ օրինագիծը ներկայումս քննարկվում է Նյու Յորք նահանգի օրենսդրական ժողովում, փոխանցում է gazeta.ru-ն։