ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունում նոր տարրեր չի տեսնում:
«Կարդացի Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը: Նույնիսկ որոշակի նամակագրություն ունեցա: Սակայն նոր տարրեր չգտա: Ամերիկացի համանախագահը յուրովի է մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները», - հունիսի 20-ին Երեւանում մամուլի ասուլիսին նշել է Վլադիմիր Կազիմիրովը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթի ժամանակ ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման «հաստատված» փոխզիջման հիմնական 6 տարրերը, որոնցից ամենաուշագրավը երրորդ կետն է. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել եւ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»: Ուորլիքի առաջարկած տարբերակին կտրուկ արձագանքել էին ԼՂՀ իշխանությունները:
Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հիմնախնդրի գոտում խաղաղապահներ տեղակայելու հավանականության մասին հարցին, ապա, ըստ նախկին միջնորդի տեղեկությունների, այս հարցում որոշակիություն չկա:





























