Ազգային Ժողովի այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում, ընդունվել է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունները, որով առաջարկվում է էականորեն նվազեցնել երթեւեկության խախտումների դեպքում տրանսպորտային միջոցների տուգանքների չափերը:
Օրինագծին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 5 պատգամավոր, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք կողմ են քվեարկելու, քանի որ օրինագիծը բխում է նաեւ քառյակի ներկայացրած պահանջներից: «Իհարկե մենք շատ ավելի խիստ ու կտրուկ նվազման կողմնակիցն էինք, բայց հաշվի առնելով, որ որոշակի դրական քայլ կատարված է ԲՀԿ-ն կքվեարկի կողմ»,-ասել է նա:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւս հայտարարել է, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին, հավելելով, որ իրենք եւս նույն խնդրի առնչությամբ օրինագիծ էին ներկայացրել եւ հույս ունեն, որ երկրորդ ընթերցման ժամանակ իրենց առաջարկները հաշվի կառնվեն:





























