«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մեգաբայթային փաթեթների սակագների իջեցման մասին։ Սակագնային փաթեթից կախված՝ Hi-Line ծառայության մեգաբայթային փաթեթների գները նվազել են 4-ից 8.5 անգամ։ Մեգաբայթային սակագնային պլանների միացումն իրականացվում է անվճար:

«Մեր նոր առաջարկը հասարակության բոլոր շերտերին ինտերնետից օգտվելու հնարավորություն կընձեռի, քանի որ այժմ 2500 դրամը մինիմալ գինն է Հայաստանում ինտերնետ ունենալու համար։ Սա հեղափոխական նորություն է հայաստանյան իրականություն համար»,- ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ ավելացնելով, որ ընկերության նոր առաջարկը իրական հնարավորություն է ընձեռում բոլոր այն հաճախորդներին, ովքեր մինչ այդ թվացյալ մատչելիության պատճառով նախընտրում էին dial-up տեխնոլոգիան, անցնել ADSL-ին առանց լրացուցիչ ծախսերի։

Նոր առաջարկը հաշվի է առել բոլոր հաճախորդների նախասիրությունները. նրանց, ովքեր օգտագործում են շատ մեծ ծավալներ մաքսիմալ արագությամբ եւ նրանց, ովքեր օգտագործում են ինտերնետը պարզապես նորություններ կարդալու եւ փոստը ստուգելու համար։

Ընտրելով այս կամ այն սակագնային փաթեթը՝ կախված օգտագործող տրաֆիկի ծավալից, բաժանորդը ստանում է միջինը 4Մբ/վ արագություն։ Ցանցում արագությունը չի սահմանափակվում եւ կարող է հասնել 16Մբ/վ-ում։ Ամենափոքրը 500ՄԲ մեգաբայթային փաթեթն է, իսկ ամենամեծը՝ 10ԳԲ-ը։ Մեգաբայթային փաթեթների համար նախատեսված գները տատանվում են 2500-ից մինչեւ 13000 դրամի սահմաններում։