Ալյասկայի բարերում մոտ ժամանակներս կանայք կարող են անվճար հղիության թեստ անցնել: Նման միջոցառումը հնարավորություն կտա այցելուներին իմանալ՝ խմելուց առաջ հղի՞ն են նրանք արդյոք, թե՞ ոչ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով  ABC News-ին:

Հղիության թեստ անցկացնող ավտոմատները կտեղադրվեն նահանգի 20 բարերում եւ ռեստորաններում: Դա Ալյասկայի համալսարանի կողմից մշակված հղիության ընթացքում կանանց ալկոհոլ օգտագործելու դեմ պայքարի ծրագրի մի մասն է: Ինչպես հայտնի է, նման սովորությունը կարող է բացասաբար անդրադառնալ պտղի զարգացման վրա:

Հետազոտողների կարծիքով, այս ծրագիրը կօգնի այն կանանց, ովքեր չգիտեն իրենց հղիության մասին: «Ներկայումս ամբողջ երկրում հղիությունների 50 տոկոսը անսպասելի են: Ծրագիրն ուղղված է այն կանանց, ովքեր խմում են չափավոր եւ նրանց, ովքեր հղիության մասին տեղյակ լինելով, չէին օգտագործի ալկոհոլ», - հայտարարել է «Առողջ ուղեղներ երեխաների համար» ոչ առեւտրային կազմակերպության հիմնադիր Ջոդի Ալեն Քրոուն:

Ավելի վաղ, Քրոուն նման նախաձեռնություն Մինեսոտայում էր իրականացրել: Նախագիծը հաջողված էր ճանաչվել, իսկ հղիության անվճար թեստերը հասանելի են նահանգի բարերում, ռեստորաններում, մինիմարկետներում եւ երիտասարդական կենտրոններում: